news-details
Սփյուռք

Հայաստանն այսօր 10 միլիոն զինվոր ունի՝ Հայկական սփյուռքը. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդիպել է Մոսկվայի հարավ-արեւելքի եւ Մերձմոսկվայի հարակից շրջանների (Լյուբերցի, Ռեուտովո եւ այլն) հայ համայնքի հետ, որտեղ վերջերս բախումներ էին տեղի ունեցել ադրբեջանցիների հետ, որոնք կազմակերպվել էին հայերի վրա հարձակված խմբերի կողմից:

Հանդիպման վայրը «Սայաթ Նովա» ռեստորանային համալիրն էր, որի վրա ուրբաթ օրը հարձակման փորձ էր արվել մի խումբ ադրբեջանցիների կողմից, այս մասին հայտնել են  հայկական ԶԼՄ-ները` հղում անելով  ՌՀՄ-ի մամուլի ծառայությանը։

Հանդիպմանը մասնակցել են հայ համայնքի ավելի քան 250 ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի եւ Ռուսաստանի ազգությունների հարցով դաշնային գործակալության ներկայացուցիչներ, Կամչատկայի, Իվանովոյի, Տվերի մարզերի ՌՀՄ-ի տարածաշրջանային գրասենյակների ղեկավարները եւ այլոք։

Արա Աբրահամյանը ներկաներին տեղեկացրեց այն քայլերի մասին, որոնք առճակատման առաջին իսկ օրերից Ռուսաստանի հայերի միությունը ձեռնարկել է պետական ​​մարմինների, իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ ադրբեջանական սփյուռքի առաջնորդների հետ սերտ շփման մեջ:

Նա հայրենակիցներին հորդորել է չմտածված քայլեր չձեռնարկել, ընդ որում՝ լինել միահամուռ: «Աշխարհի ողջ 10 միլիոնանոց հայկական սփյուռքն այսօր այն զինվորներն են, որոնք պատրաստ են պաշտպանել Հայաստանն Ադրբեջանի եւ Թուրքիայի ոտնձգություններից»,- ասել է նա:

Ըստ ՌՀՄ ղեկավարի,՝ «այն, որ շուկաների եւ խանութների տերերը՝ ադբեջանցիները, նահանջում են, նշանակում է, որ Ռուսաստանի իշխանությունները բոլորին ցույց են տվել, որ Ռուսաստանում գործում են Ռուսաստանի օրենքները, եւ ոչ Բաքուն, ոչ Ստամբուլը չեն կարող թելադրել այստեղ իրենց կանոնները»:

Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին այս հանդիպմանը ներկա գտնվելու եւ նրանց կողմից այս օրերին ցուցաբերած համախմբվածության համար: