news-details
Ղարաբաղյան կոնֆլիկտ

Հայաստանը շարունակում է ԼՂ հարցով սերտ խորհրդակցությունները ՀԱՊԿ-ի հետ. Մնացականյան

Հայաստանը շարունակում է սերտ խորհրդակցությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ եւ դաշնակիցներին հայտնում է «գետնի վրա» իրավիճակի մասին, այս մասին հայտնել են  հայկական ԶԼՄ-ները` հղում անելով  «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հայաստանը շարունակում է սերտ խորհրդակցությունները ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ առանձին` ՀԱՊԿ անդամ երկրների հետ, եւ իր դաշնակիցներին տեղեկացնում է «գետնի վրա» իրավիճակի մասին»,- ասել է նախարարը` պատասխանելով Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի այս փուլում ՀԱՊԿ-ի մասնակցության անհրաժեշտության մասին հարցին:

 ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման միակ համաձայնեցված ձևաչափն է: 

«Իրանը շատ կարեւոր երկիր է մեր տարածաշրջանում, և, ի տարբերություն Թուրքիայի, այն պատասխանատու և կառուցողական դիրքորոշում է որդեգրում, երբ խոսքը տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության մասին է: Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահները միջնորդության և բանակցությունների համար միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափն են, ում դերը վերահաստատվել էր հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությունում և հոկտեմբերի 17-ի ու 25-ի հետագա հայտարարություններում»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Երեւանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը: 

Հայաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Երևանը միշտ աջակցել է հրադադարի ռեժիմի մշտական դիտարկման գաղափարին, որն առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2016-ի ապրիլի սրացումից հետո: Նրա խոսքով, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ նախագահող երկրի հատուկ ներկայացուցչի դիտորդական խումբն ու ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերի հետաքննման մեխանիզմ:

«Սակայն, այնուհետև Ադրբեջանը հրաժարվեց կատարել այդ պայմանավորվածությունները: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ոչ երեկ, ոչ այսօր Ադրբեջանը շահագրգռված չէ կայուն ու ստուգելի հրադադարի ռեժիմով: Բայց մեր տեսակետը չի փոխվել, և մենք աջակցում ենք դիտորդների տեղակայմանը»,- ասել է Մնացականյանը:

Ինչ վերաբերում է խաղաղապահների ներգրավմանը, նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հնարավոր մեխանիզմում կարող են ներառվել միայն նրանք, ովքեր չեզոք դիրք են զբաղեցնում:

«Ինչը կարելի է շեշտել հենց սկզբից. ցանկացած խաղաղարար մեխանիզմ չի կարող ներառել նրանց, ովքեր խոսքով ու գործով գործում են ոչ թե չեզոք, այլ որպես հակամարտության կողմ»,- ասել է Մնացականյանը:

Նրա խոսքով՝ «խաղաղապահ գործողությունը միշտ եղել է հիմնական սկզբունքների մի մասը և, հետևաբար, հակամարտության կարգավորման կարևոր բաղադրիչը»: «Այս փուլում դժվար է առաջարկել խաղաղապահ գործողության հետ կապված պահանջների սպառիչ ցուցակ»,- ասել է նա: