news-details
Ղարաբաղյան կոնֆլիկտ

Ի պաշտպանություն ԼՂՀ կազմկոմիտեն ԵԽ նախագահին իր զայրույթն ու վրդովմունքն է հայտնում

Ավելի քան մեկ տասնյակ հայաստանյան ՀԿ-ներ բաց նամակ են հասցեագրել է ԵԽ նախագահին՝ դատապարտելով ԵԽ երեք պատգամավորների հայտարարությունը Հայաստանն Արցախին կապող շինարարության վերաբերյալ, այս մասին հայտնել են  հայկական ԶԼՄ-ները։

Տարածած բաց նամակում ասված է.

«Եվրախորհրդարանի նախագահ
պարոն Դեվիդ Մարիա Սասսոլիին

Հարգելի պարոն նախագահ,

Զարմանք և միաժամանակ խորը վրդովմունք ապրեցինք, ծանոթանալով Եվրախորհրդարանի պատգամավորներ Տրայան Բասեսկուի, Ժելյանա Զովկոյի և Մարինա Կալյուրանդիի հայտարարության բովանդակությանը: Տպավորություն է, թե հեղինակներն ուղղակի հակադրվում են Եվրամիության որդեգրած այն մոտեցմանը, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնահարցի վերաբերյալ բոլոր գործընթացները պետք է համապատասխանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեության սկզբունքներին։ Նշենք նաև, որ հայտարարության հեղինակները ծանոթ չեն Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնահարցի իրավական և քաղաքական հիմքերին։ Հակառակ պարագայում պետք է ենթադրել (շատ կուզենք սխալված լինել), կատարում են երրորդ կողմի թելադրանքը:

Ստիպված ենք հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) երբևիցե չի հանդիսացել Ադրբեջանի անքակտելի մաս։ Ինքնորոշվելով դեռ 1918-1920-ականներին, արցախահայությունը, անգամ սովետական շրջանում ունեցել է ինքնորոշված քաղաքական տարածքային միավորի կարգավիճակ։ ԼՂԻՄ հայ բնակչությունը միջազգային իրավունքի սկզբունքներին հավատարիմ, 1988թ. փետրվարի 19-ից սկսել է ինքնորոշման իրավունքի վերահաստատումը, որն ավարտվել է 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացված  հանրաքվեով: Այդ օրը ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքով հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ադրբեջանը, որն իր հարյուր տարվա գոյության ընթացքում այդպես էլ չունեցավ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ինքնորոշման օրինական ակտ (անկախության վերաբերյալ որևէ հռչակագիր չի հաստատվել համաժողովրդական հանրաքվեով), որդեգրելով ագրեսիվ, հայատյաց, ըստ էության, ռասիստական քաղաքականություն, պատերազմ է հրահրել ԼՂՀ-ի խաղաղ բնակչության դեմ։

Հիշեցնում ենք, հայտարարության հեղինակներին՝ Ադրբեջանը 30 տարուց ավելի է շրջափակման է ենթարկել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Թուրքիայի հետ միասին, շրջափակման մեջ է պահում Հայաստանի Հանրապետությունը՝ ամբողջ բնակչությանը ենթարկելով սովի մատնվելու սպառնալիքի։ Այսքանից հետո զարմանալի է, որ հայտարարության հեղինակները չեն դատապարտում այդ երկրների՝ հումանիստական արժեքներին հակասող, Եվրամիության արժեքներին ամբողջովին հակադրվող վայրագ գործողությունները, այլ հայտարարության մեջ օգտագործում են «օկուպացված տարածք» եզրույթը, ուղղակի կրկնելով ԼՂՀ (Արցախի Հանրապետություն) դեռևս միջազգայնորեն չճանաչված, սակայն օրինական ճանապարհով ձևավորված սուբյեկտի հանդեպ Ադրբեջանի անօրինական և հակաիրավական նկրտումները։

Այսպիսով, ԼՂՀ-ն )Արցախ) կայացել է Ադրբեջանի կողմից ռասիստական և ցեղասպանական շարունակական բնույթ կրող գործողությունների պայմաններում և շարունակում է զարգանալ որպես ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, և, որպես այդպիսին, օժանդակություն է ակնկալում Եվրամիությունից և ոչ թե աջակցություն Ադրբեջանի ագրեսիվ և մարդատյաց նպատակներին։

Ինչ վերաբերում է ճանապարհ կառուցելու մտադրությանը, ապա դա լիովին համապատասխանում է ԼՂՀ-ում ապրող բնակչության գոյության իրավունքին և տնտեսական շահերին: 

Ձերդ գերազանցություն, մենք, ՀՀ քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս դատապարտում և պահանջում ենք չեղարկել նշված հայտարարությունում տեղ գտած միջազգային նորմերին, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին հակասող դրույթները, որոնք կարող են արտահայտվել Եվրախորհրդարանի կողմից քննարկվող բանաձևում:

Պատրաստ ենք կառուցողական երկխոսության՝ հիմքում ունենալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ, Հելսինկյան սկզբունքների հիման վրա կարգավորման հնարավորւթյունը»։

Ի պաշտպանություն ԼՂՀ կազմկոմիտե
16.06.2020թ.


1. «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» (Արցախի Հանրապետութան) կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ՝  Արամ Սարգսյան

2. Լարիսա Ալավերդյան՝ կազմկոմիտեի փոխնախագահ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն
3. Ժասմինա Ղևոնդյան՝ կազմկոմիտեի փոխնախագահ, «Ներուժ» կրթամշակութային ՀԿ նախագահ
4. Ալեքսանդր Մանասյան՝  «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ
5. Կարինե Դանիելյան՝ Կենսաբանական գիտ. թեկնածու, Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
6. Ժասմինա Թելյան՝ «Հայ կինը՝ աջակցություն ժողովրդավարությանը» ՀԿ նախագահ
7. Մարիամ Ավագյան՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
8. Գրիգորի Այվազյան - «Ադրբեջանահայերի Ասամբլեա» ՀԿ նախագահ
9. Զոյա Ջուլհակյան՝ «Քարավան -88» ԲՀԿ նախագահ
10. Սոս Գյուլումյան ՝ «Գարդման» հայրենակցական միություն
11. Ելենա Խաչատրյան՝ «Խաչմերուկ» ՀԿ, տեխնիկական գիտ. թեկնածու, դոցենտ
12. Վիկտոր Սոլախյան՝ Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն