news-details
Տարածաշրջան

Իրանը Սոլեյմանիի սպանության համար ԱՄՆ դեսպանի դեմ մահափորձ է նախապատրաստում․ Politico

Իրանն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու նպատակով մահափորձ է նախապատրաստում Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լանա Մարքսի դեմ, այս մասին հայտնել են  հայկական ԶԼՄ-ները` հղում անելով Politico-ին։

Նշվում է, որ դավադրության վերաբերյալ տեղեկությունը տարածվել էր դեռևս գարնանը, սակայն վերջերս հայտնի են դարձել գործողության ճշգրիտ մանրամասները:

ԱՄՆ կառավարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Պրետորիայում Իրանի դեսպանատունը ներգրավված է դավադրության մեջ, իսկ Մարքսին ի սկզբանե տեղյակ են պահել իրեն սպառնացող վտանգի մասին։

Նշվում է, որ հնարավոր է՝ սպանության համար հենց Լանա Մարքսն է ընտրվել, քանի որ վերջինս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վաղեմի ընկերն է։

Ընդ որում՝ դեսպանի դեմ մահափորձը Իրանի վրեժխնդրության տարբերակներից մեկն է, նշված է հոդվածում:

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին՝ Բաղդադում: Օրեր անց Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: