news-details
Աշխարհում

Կիպրոս. ԵՄ-ն չի կարող երկակի ստանդարտներ կիրառել Բելառուսի եւ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարցում

Կիպրոսի Հանրապետության իշխանությունները կարծում են, որ Եվրամիությունը չի կարող երկակի ստանդարտներ կիրառել Բելառուսի եւ Թուրքիայի նկատմամբ իր պատժամիջոցային քաղաքականության մեջ: Այս մասին հայտարարել է Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կիրիակոս Կուշոսը պետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի` քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ավարտին, այս մասին հայտնել են  հայկական ԶԼՄ-ները` հղում անելով ՏԱՍՍ-ին:

Կիպրոսի մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Կուշոսը, պատասխանելով հարցին` արդյոք պաշտոնական Նիկոսիան կպնդի, որպեսզի ԵՄ հակաբելառուսական պատժամիջոցները կապվեն հակաթուրքական պատժամիջոցների հետ, հայտարարել է. «Բելառուսի նկատմամբ Կիպրոսի Հանրապետության քաղաքականությունը միշտ անփոփոխ է եղել: Հանրապետության Նախագահը [Նիկոս Անաստասիադիսը] եւ արտաքին գործերի նախարար [Նիկոս Քրիստոդուլիդիսը] բազմիցս նշել են, որ մենք կողմ ենք պատժամիջոցներին, սակայն միեւնույն ժամանակ մենք ասել ենք, որ ԵՄ-ն չպետք է այս հարցին երկակի չափանիշներով եւ երկակի ստանդարտներով մոտենա: Այլ կերպ ասած` Բելառուսի դեպքում պատժամիջոցների մասին որոշումները չեն կարող կայացվել, երբ Թուրքիայի դեպքում այլ սկզբունքներ են օգտագործվում»:

Ըստ Կուշոսի` Նիկոսիայի դիրքորոշումն այն է, որ այն պայմաններում, երբ Թուրքիան շարունակում է հորատման աշխատանքներ իրականացնել Կիպրոսի ջրերում եւ սպառնում է բացվել զբոսաշրջության եւ բիզնեսի համար` խախտելով Վարոշայի թաղամասի ՄԱԿ-ի գործող բանաձեւերը`  Ֆամագուստա քաղաքի` թվականին Կիպրոսի հույների կողմից 1974 թվականին լքվված առողջարանային հատվածի, Բրյուսելը պետք է հետեւի ԵՄ բեռլինյան գագաթնաժողովի որոշումներին` Անկարայի դեմ պատժամիջոցների հարցի նախապատրաստումն արագացնելու համար: «Եթե Թուրքիան շարունակի սպառնալ Ֆամագուստայի բնակեցմամբ եւ անօրինական գործողություններ ձեռնարկել մեր բացառիկ տնտեսական գոտում, ապա մենք ստիպված կլինենք գործել Բեռլինում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի որոշումների համաձայն եւ նախորդ եվրոպական գագաթնաժողովին քննարկվածի համաձայն»,- ասել է նա:

«Մեր դիրքորոշումն այն է, որ ԵՄ-ն, Եվրոպական խորհուրդը պետք է քննարկեն Թուրքիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցները»,- ասել է Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը: