news-details
Բիզնես

Նորարություն, ոճ, էկոլոգիա, տեղական կոլորիտ` ինչպես արցախցի մի աղջիկ այս ամենը համադրեց մեկ բիզնես ծրագրի մեջ

    ԱրցախԻնֆո:   Համացանցի մի հայտարարությամբ Սարինե Հայրիյանը  հնարավորություն ստացավ սկսել իր սեփական գործը և ստեղծել արցախյան կոլորիտով կտորե յուրահատուկ պայուսակներ։ Իր բիզնեսը հեղինակը անվանեց «Sarin's», և այսօր «Sarin's» պայուսակները իրենց առանձնահատկությամբ դարձել են նախընտրելի նվեր բոլորի համար։ Առաջինն, ինչ գրավում է պայուսակների մեջ, դրանց վրա պատկերված արցախյան բարբառով հետաքրքիր և հումորային արտահայտություններն ու իլյուստրացիաներն են։  

      Սարինե Հայրիյանը ապրում է Ստեփանակերտում և բացի սեփական բիզնեսից զբաղվում է նաև հասարակական գործնեությամբ՝ իր հիմնադրած «Վեկտոր» հասարական կազմակերպության շրջանակներում   և «Արմատներ» կենսակենտրոնում՝  կազմակերպելով մշակութային և երիտասարդական   միջոցառումներ։ Նրան հաջողվում է այդ երեք ուղղություններով էլ արդունավետ  աշխատել։

       Բիզնես սկսելու միտքը նա միշտ ուներ, սակայն հնարավորությունը ընձեռվեց միայն անցյալ ամառ։ Սարինեն պատմում է. «2019 թվականի ամառը իմ գործնեության  համար բավականին բուռն եղավ։ Սովորական մի օր ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) ֆեյսբուքյան էջում կանանց ձեռներեցության խթանման ծրագրի հայտարարություն տեսա։ Միշտ ուզում էի իմ սեփական գործն ունենալ։ Դիմեցի և որպես ներկայացվող նախագիծ ընտրեցի տեղական կոլորիտային կտորե պայուսակներ ստեղծելու գաղափարը (tote bag)։ Ի տարբերություն զարգացած երկրների, մեր երկրում կտորե պայուսակներ կրելու մշակույթը զարգացած չէ»։

Սարինեի այս մտահաղացումը այլ կարևոր նպատակ էլ ուներ, որը նա այսպես է ներկայացնում. «Իմ պայուսակները, բացի ոճի մաս լինելուց, նաև սոցիալական առաքելություն պիտի ունենային, գոնե ինչ որ չափով պիտի նպաստեին պլաստիկ տոպրակների սահմանափակմանը։ Կարծեմ՝ 2020 թվականին Հայաստանում օրենքով պիտի արգելվի պլաստիկ տոպրակների օգտագործումը։ Այսինքն մեզ դա մի օր սպասվում է և ես երկու նմուշ ունեմ նախատեսված հենց սննդի առևտրի համար, որոնց վրա գրված է մթերքների ցանկ և արցախյան «կեզար կե՛ր, հանցու բոյ տաս» արտահայտությունը։ Ինչ որ իմաստով ես բրենդավորել եմ նաև մեր բարբառը՝ տեղական, հումորային, տիպիկ արտահայտություններ և իլյուստրացիաներ տեղադրելով պայուսակների վրա։ Բիզնես ծրագիրս գրավեց երրորդ տեղը և գործի համար ինձ տրամադրեցին  800 հազար դրամ»։

      Նա պատմում է, որ ՀԲԸՄ-ի ծրագրի  պայմաններից էր նրանց կողմից կազմակերպվող բիզնես դասընթացների մասնակցումը։ Բայց խոստովանում է, որ ամբողջական և իրական բիզնեսի պատկերացումները  ձևավորվել են միայն շուկա մտնելուց հետո։

      «Օրինակ՝ ես մտածում էի, թե իմ 6 մոդելներից հենց մեկը շատ կվաճառվի, բայց դրանցից մինչև այսօր միայն մեկն է վաճառվել, իսկ ահա մնացածներից արդեն 3-րդ հոսքն է արտադրվում։ Ի դեպ՝ բոլոր կտորները հայկական են, պայուսակներն էլ ստեղծվում են Երևանում։ Վաճառքի ցուցանիշներից գոհ եմ, չնայած սկսել եմ ընդամենը ձմռանը։ Պայուսակների մասին ավելի շատ տեղեկացված են Արցախում և Հայաստանում»,-պատմում է Սարինեն:

      Սարինեի պայուսակները հայտնվել են նաև օտարերկրյա հյուրերին հայկական արտադրություն ներկայացնող տաղավարներում՝ աշխարհին ներկայացնելով  Արցախյան կոլորիտային անկրկնելի այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «Թիթէվ տար» (թեթեւ ապրիր), «Կռզնոտ խասյաթդ կտրվէ» (բարդ, անհասկանալի բնավորությանդ թող վերջ տրվի ), «սէրավ կացէք , ժողովուրթ» ( ապրեք սիրով, ժողովուրդ )։

      Խոսելով կանանց և բիզնեսի մասին՝  նա խոստովանում է, որ մեր աղջիկներին մի քիչ համարձակություն, նախաձեռնողականություն է պակասում։ Մի մասը վախենում է սկսել, մի մասը մտածում է, որ բիզնեսը կանացի բան չէ. «Ինքնադրսևորման ցանկություն չեմ  զգում նրանց մեջ։ Ես վստահ չէի, որ կհաղթեմ, սակայն գիտեի, որ ձեռք կբերեմ կարևոր  գիտելիքներ՝ հաջորդ գործս բացելու համար»։

      Իր հիմնադրած «Վեկտոր» ՀԿ-ի գործնեությունը ուղղված է հենց երիտասարդության ակտիվացմանը, մոտիվացնելուն, հատկապես շրջանների երիտասարդությանը։

Չնայած ծանրաբեռնվածությանը, Սարինեն շարունակում է ինքնակատարելագործվել՝ ֆրանսերենն է զարգացնում,  ուսումնասիրում է մենեջմենթ և մարքեթինգ, ինչպես նաև բանակցություններ վարելու արվեստը։ Անցյալ տարի ինքն իրեն մարտահրավեր էր նետել՝ մասնակցելով Ստեփանակերտի ավագանու ընտրություններին. «Ուզում էի տեսնել, թե հասարակությունը ինչքանով է պատրաստ ինձ նման մեկին, ով ուզում է իրական խնդիրներ լուծել, տեսնել ավագանու կազմում»։ Սարինեն չընտրվեց ավագանու կազմում, բայց մեծ փորձ ձեռք բերեց։ Հիմա նա հորդորում է կանանց, որ հաճախակի դիմեն համարձակ քայլերի, անգամ եթե պիտի պարտվեն։

       «Կանանց մաղթում եմ, որ լինեն ինքնաբավ, անդավաճան իրենց էությանը, անընդհատ զարգանան, իրենց շատ սիրեն, գնահատեն սեփական արժեքը, որովհետև միայն այդ դեպքում նրանք կստանան սեր և հոգատարություն, թե՛ տղամարդու կողմից, թե՛ շրջապատից»,-կանանց տոնի կապակցությամբ մաղթանք է հղել Սարինեն։