news-details
Աշխարհում

Թրամփը հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպության դեմ պատասխան միջոցներ ձեռնարկելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպության դեմ պատասխան միջոցներ ձեռնարկելու մասին, երբ կազմակերպությունը քննադատել է ԱՄՆ-ում չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը: Այս մասին Թրամփը հայտարարել Է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ, այս մասին հայտնել են  հայկական ԶԼՄ-ները` հղում անելով  The Guardian-ին։

«Մենք պետք է ինչ-որ բան անենք ԱՀԿ-ի հետ, քանի որ այդ կազմակերպությունը Չինաստանին թույլ է տալիս ջրից չոր դուրս գալ»,- նշել է Թրամփը:

Նա նաև հայտնել է, որ այդ կազմակերպության նկատմամբ հատուկ վստահություն չի տածում։

«Ես ԱՀԿ-ի մեծ երկրպագու չեմ, դա որ կարող եմ հաստատ ասել»,- խոստովանել է Սպիտակ տան ղեկավարը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների Առևտրի հարցերով ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերն իր հայտարարության մեջ նշել էր, որ «խմբի զեկույցը հաստատում է այն, ինչ Թրամփի վարչակազմը չորս տարի շարունակ ասել է. ԱՀԿ-ն Չինաստանի վնասակար տեխնոլոգիական գործունեությունը դադարեցնելու հարցում լիովին անզոր է»:

Հիշեցնենք, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ում չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը հակասում է կազմակերպության կանոններին: Ամերիկյան կողմը պնդում է, որ ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը արդարացված է։